Statements

Հարկադրենք Ամազոնին վճարել

Պրոգրեսիվ Ինտերնացիոնալը զորակցում է Ամազոնի աշխատողներին եւ նրանց դաշնակիցներին ամբողջ աշխարհում։ Ահա թե ինչու։
Զորակցությունն է այն գործիքը, որ կարող է թույլ տալ արդար աշխարհ կառուցել։ Սկսում ենք Ամազոնին հարկադրելով, որ վճարի։
Զորակցությունն է այն գործիքը, որ կարող է թույլ տալ արդար աշխարհ կառուցել։ Սկսում ենք Ամազոնին հարկադրելով, որ վճարի։

Ամազոնն իր ծավալով եւ իշխանությամբ կենտրոնական տեղ է զբաղեցնում Երկիր մոլորակը հեղեղող տնտեսական անհավասարության եւ կենսոլորտի կազմաքանդման ճգնաժամերում: Այս ընկերության գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսի աստղաբաշխական հարստությունը (որը մարտից ի վեր հասնում է 100 միլիարդ դոլարի և գերազանցում է պատմության մեջ մինչ այս եղած ցանկացած մարդու հարստության չափը) ուղիս համեմատական է Ամազոնի վճարած մարդկային եւ բնապահպանական գնին: Բեզոսի ընկերությունը շահագործում է աշխատողներին, փչացնում է կենսոլորտը, եւ խարխլում հանրային հաստատությունները, որոնք ընկած են մեր ժողովրդավարություների հիմքում։

Ամազոնի դեմն առնելը, ուրեմն, պահանջելու է ավելին քան Ջեֆ Բեզոսի անձնական հարստությունը զսպելը կամ նրան կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կանչելը։ Այն պահանջելու է համաշխարհային մի շարժում, որը կազմակերպված կլինի Ամազոնի ընդլայնվող կայսրության տարբեր հարթություններում՝ աշխատողներ, ժողովուրդներ, եւ Երկիր մոլորակ։

Այդ պատճառով էլ այսօր՝ Սեւ ուրբաթի օրը, միջազգային աշխատավորական-ակտիվիստական մի կոալիցիա համաշխարհային մոբիլիզացում է սկսում՝ հարկադրելու համար Ամազոնին վճարել #MakeAmazonPay։ Սաո Պաոլոյից մինչև Բեռլին, Սիեթլից մինչև Հայդարաբադ, ակվիտիստները բարձրաձայնելու են այս կոչը Ամազոնի կարեւոր կետերում՝ ընկերությանը տեղեկացնելով որ իր անպատժելիության օրերն ավարտվել են։ Համախմբելով արհմիությունների, բնապահպանների եւ քաղաքացիների ամբողջ աշխարհում՝ այս կոալիցիան ներկայացնում է այն միակ ուժը, որը կարող է միջազգային կապիտալի դեմն առնել. սոլիդարությու՛նը։

Ընդամենը մի քանի տարում, Ամազոնը կարեւորագույն մի օղակ դարձավ համաշխարհայնացած կապիտալիզմի սխեմաների մեջ։ Հեղափոխելով արտադրության, բաշխման եւ սպառման միջեւ կապերն իր թվային հարթակում՝ ընկերության ամպային ենթակառուցվածքն ու էլեկտրոնային առեւտուրը Ամազոնին ազդեցիկ դիրք են տալիս աշխարհի տարբեր մասերում սոցիալական եւ տնտեսական կյանքի հսկայական շերտերը վերահսկելու համար:

Ամազոնի՝ կորպորատիվ ուժի ցանցն անցնում է մեր աշխատատեղերով եւ մուտք է գործում մեր կյանքեր։ Արտադրողներն ու մատակարարները սպառողներին հասանելի լինելու համար չունեն այլ ընտրություն, քան Ամազոնի հետ համագործակցելը։ Սպառողներն էլ, իրենց հերթին, դժվարանում են խուսափել Ամազոնից, եթե չեն ցանկանում ավելի երկար սպասել ու ավելի շատ վճարել։ Alexa-ի, Echo-ի եւ Amazon Ring-ի զանգվածային հսկողության տեխնոլոգիաների միջոցով ընկերությունը մուտք է գործել միլիոնավոր տներ եւ հավաքել մարդկանց ամենաանձնական տվյալները։

Ամազոնյան ցանցում է գործում Amazon Web Services-ը, որը կարեւոր դերակատարում է ունեցել կորզող (հանքահանող) արդյունաբերության եւ իրավապահ մարմինների գործունեության մեջ. վերջերս Ամազոնը ձեռնարկել է մուտք գործել նաև ֆինանսական ծառայությունների, սննդի եւ առողջապահության ոլորտներ։ Ամազոնը դարձել է, փաստորեն, ամբողջովին անհաշվետու, գիշատիչ անդրազգային մասնավոր պետություն, կամ, իրականում, 21-րդ դարի կայսրություն։

Իրեն դիմադրող միասնական շարժման բացակայության պայմաններում Ամազոնին հաջողվել է ընդարձակել իր կայսրությունը դեպի համաշխարհային տնտեսության տարբեր անկյուններ։ Բայց անիվը սկսում է շրջվել։ Տեխ. աշխատողների մասնակցությունը վերջին համաշխարհային կենսոլորտային գործադուլին ստիպեց Ամազոնի տնօրինությանը լուրջ զիջումների գնալ, իսկ անդրազգային աշխատավորական դաշինքները, UNI Global Union-ի եւ Amazon Workers International-ի առաջորդությամբ, կարողացան վերակազմակերպել մինչ այդ ցրված աշխատավորական դիմադրությունը։ Միջազգային մասշտաբով՝ հանրային շահերի պաշտպանության խմբերը կարողացան Ամազոնը կազմալուծելու հրատապ կարիքը հասցնել քաղաքական բանավեճերի դաշտ։

Վերոհիշյալ փորձերը մեզ ցույց են տալիս առաջ շարժվելու ճանապարհը։ Որպեսզի հարկադրենք Ամազոնին վճարել իր պարտքն աշխատողներին, մոլորակին եւ հասարակությանը, պետք է հետեւենք այս եռանետ ռազմավարությանը.

  • Առաջին, գնահատել [հակա-]Ամազոնյան պայքարի միջազգային եւ փոխհատվող բնույթը։
  • Երկրորդ, կազմակերպվել պետական սահմաններից եւ ակտիվիստական նեղ շրջանակներից անդին:
  • Երրորդ, քաղաքականացնել այս պայքարը՝ հասցնելով այն օրենսդիր շրջանակներին ամբողջ աշխարհում։

Սրանք են այսօր սկիզբ առած արշավի նպատակները։

Ինչ վերաբերում է առաջինին, մեր կոալիցիայի Միացյալ պահանջները համաշխարհային են իրենց դրվածքով։ Գիտակցում ենք, որ Ամազոնի ուժը կայանում է ազգային օրենսդրություններում գոյություն ունեցող տարբերությունները չարաշահելու եւ սոցիալական ու բնապահպանական պաշտպանությունները աշխարհով մեկ թուլացնելու կարողության մեջ։

Գիտակցում ենք նաեւ, որ Ամազոնի գործած անարդարությունները փոխհատվող են։ Ամազոնի առաջացրած աղտոտումներից ծագող բնապահպանական անարդարությունն, օրինակ, անհամաչափորեն ավելի բացասաբար է ազդում է գունամաշկ մարդկանց վրա։ Խոշոր նավթային ընկերությունների հետ Ամազոնի ամուր կապերն, օրինակ, պայմանավորված են այս ընկերության կողմից ամպային համակարգչային համակարգի մենաշնորհումով: Մեր կոալիցիան միավորում է Greenpeace-ի եւ 350-ի բնապահպաններին Data 4 Black Lives, Athena Coalition, եւ the Hawkers Federation of India խմբերի հետ։

Ինչ վերաբերում է ռազմավարության երկրորդ կետին, այսօրվա գործողությունը միավորում է Ամազոնի ցանցի տարբեր օղակների աշխատողներին՝ Սիեթլում Ամազոնի գլխամասային գրասենյակի տեխաշխատողներին, Ամազոնի պահեստների աշխատողներին, ու նաև Բանգլադեշում հագուստի գործարանների բանվորներին։

Ինչ վերաբերում է ռազմավարության երրորդ կետին, մեր կոալիցիան չի ակնկալում որ Ջեֆ Բեզոսը կփոխի Ամազոնի բիզնես մոդելը իր բարեսրտության պատճառով։ Փոխարենը, մեր շարժումը նպատակադրել է առաջացնել այնպիսի օրենսդրական պայմաններ, որոնք կարող են վերջ տալ մեր տնտեսությունների եւ հասարակությունների «Ամազոնիֆիկացմանը»։ Կոչ ենք անում առաջադեմ օրենսդիրներին միանալ մեզ եւ կանգնել Ամազոնին վճարել հարկադրելու համաշխարհային այս շարժման կողքին։

Այս արշավի նպատակը որքան պարզ է, նույնքան էլ ռադիկալ է. շահել մի այլ աշխարհ։

Մի աշխարհ, որում հիմնականում իրենց գործադիր տնօրենների շահերը սպասարկող կորպորացիաները փոխարինվում են շատերի շահերին ծառայող կոոպերատիվներով։

Աշխարհ, որում տնտեսական աշխուժությունը տանում է ոչ թե կլիմայի քայքայմանը, այլ բնության վերականգնմանն ու ծաղկմանը։

Աշխարհ, որում շուկաները կառավարվում են ժողովրդավարական հաստատությունների կողմից, այլ ոչ հակառակը։

Զորակցությունն է այդ աշխարհը իրականություն դարձնելու միջոցը։ Սկսում ենք Ամազոնին հարկադրելով, որ վճարի՛։

Կասպեր Գելդերբլոմը Պրոգրեսիվ Ինտերնացիոնալի Քարտուղարության անդամ է, եւ ՊԻ կողմից #MakeAmazonPay արշավի համակարգողը։

Available in
EnglishTurkishHindiFrenchItalian (Standard)GermanPortuguese (Portugal)SpanishPortuguese (Brazil)ArabicArmenian
Author
Casper Gelderblom
Date
27.11.2020
Source
Original article
Privacy PolicyManage CookiesContribution Settings
Site and identity: Common Knowledge & Robbie Blundell